Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) նախաձեռնած աստղագետների` ՀՀ դպրոցներ կատարվող այցելությունների եւ աստղագիտական դասախոսությունների անցկացման կապակցությամբ ՀԱԸ պատրաստել եւ թողարկել է «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ:

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ, այն Հայաստանի դպրոցների աստղագիտության ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի հավաքածու է:

Խտասկավառակում տեղ են գտել թվայնացված տարբերակով 38 դասագրքեր, խնդրագրքեր, հանրագիտարաններ, տեղեկատուներ եւ այլ գրքեր, ինչպես նաեւ ամերիկյան «Աստղագիտությունն այսօր» ինտերակտիվ դասագիրքը, աստղագիտական վարժություններ, աստղագիտական համակարգչային 16 հանրամատչելի ծրագրեր, 1000-ի չափ լուսանկարներ, մի շարք շարժանկարներ, Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ նյութեր, մեր խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից եւ նրա մասին գրված 14 գրքեր, լուսանկարներ եւ նրա եւ Բյուրականի աստղադիտարանի մասին ֆիլմեր, 20 հայ աստղագետների կենսագրականներ, ինչպես նաեւ «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը:

DVD խտասկավառակը կարող է օգտագործվել ուսումնական եւ հանրամատչելի նպատակներով եւ տրամադրվելու է դպրոցներին` հետագա ազատ բազմացման եւ տարածման համար: Այն կարող է նախադեպ հանդիսանալ այլ առարկաների գծով նման խտասկավառակներ պատրաստելու համար: