ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ավարտվել է «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա»  ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`  «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գեւորգյանը եւ ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի  ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձինք, միաժամանակ` 2012-2013 թթ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ ու պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Նախաքննության տվյալներով` Ս. Գեւորգյանը եւ Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետեւ 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով  Ս. Գեւորգյան եւ  Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Գեւորգյանին եւ Հ. Փայասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Խ. Ազիզյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Ֆահրադյանին եւ Ա. Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: