Հունվարի 25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել Արման Մանարյանի նկարահանած «Սասնա ծռեր» մուլտֆիլմի պրեմիերան: Նշենք, որ ֆիլմի նկարահանումները տեւել են 10 տարի՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Այս ծավալուն եւ հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի վրա ծախսվել է շուրջ 350 միլիոն դրամ: Մուլտֆիլմում հնչում են Կարեն Ջանիբեկյանի, Երվանդ Մանարյանի, Ժենյա Ավետիսյանի եւ Խորեն Աբրահամյանի ձայները: Նշենք, որ Խորեն Աբրահամյանի ձայնով է խոսում Սասունցի Դավիթը:

Երաժշության հեղինակն է Հայկ Մանարյանը: «Սասնա ծռեր» մուլտֆիլմի հիմքում էպոսի Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակն է. ռեժիսորը հավատարիմ է մնացել էպոսին եւ որեւէ փոփոխություն չի կատարել: Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը մտադիր է ֆիլմը տանել Կաննի կինոփառատոն: Շուտով Կինոկենտրոնի պատվերով կսկսվեն նաեւ «Անահիտ» եւ «Արա Գեղեցիկ» մուլտֆիլմերի նկարահանումները: Հիշեցնենք, որ Արման Մանարյանը հայտնի կինոռեժիսոր է, «Տժվժիկ» եւ «Կարինե» կինոնկարների հեղինակը: