Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 27-ին հետաձգվել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:
Այսօր դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով դատարանին ծանուցում էր ներկայացրել, որ մեկ այլ գործով այլ դատարանում նիստ ունի: Համենայն դեպս, դատավորը նրա բացակայությունն անհարգելի որակեց` սպառնալով հաջորդ բացակայության դեպքում պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառել:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 30-ը՝ ժամը 12-ը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























