ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանը այսօր` նոյեմբերի 27-ին ազատվել է աշխատանքից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Վարդան Թունյանը աշխատանքից ազատվել է, քանի որ այդ հաստիքը կրճատվել է բանակային բարեփոխումների շրջանակներում:Դիտարկմանը, թե առաջիկայում, այլ կրճատումներ սպասվում են, ավելացրեց. «Ընդհանուր բարեփոխումները գործընթացի մեջ են եւ կարող է կրճատումներ էլ, նոր նշանակումներ էլ լինեն»:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն Վարդան Թունյանը նաեւ ներգրավվելու է գոմեշի մսի քրեական գործում: Սակայն ՀՀ ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վարդան Թունյանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում քննվող որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի հանդիսանում:





























