Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ եւ մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի եւ աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» եւ «Ամքոր» կազմակերպություններից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Այնուհետեւ ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Առաջին նիստին բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը («Եկեղեցի, դպրոց եւ սոցիալական սպասավորություն»), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգիսյանը («Աստվածաբանական կրթություն. տեսլականներ ու վերանայումներ» եւ «Դիակոնիայի ուսուցումը Գեւորգյան հոգեւոր ճեմարանում») եւ ԳՀԽ դասախոս Կամո Վարդանյանը («Դիակոնիկ աշխատանքի հոգեբանական կողմերը»):

Երկրորդ նիստին զեկույցներ ներկայացրեցին Ռուսական Կլոր սեղանի ղեկավար Մարգարիտա Նելյուբովան («Դիակոնիկ սպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցում եւ էկումենիկ համագործակցությունը») եւ «Վորլդ վիժնի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգը («Զարգացման ու դիակոնիկ աշխատանքը «Վորլդ վիժնի» ծրագրերում»):

Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց եւ Հայրապետական իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն արդյունավետ աշխատանք մաղթեց համաժողովի աշխատանքներին եւ վստահություն հայտնեց, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռք բերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում եւ ձեւավորվող փոխադարձ համագործակցությունը բարի արդյունքներ պիտի տան: