Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ամփոփել է ոլորտում 2012 թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013 թ. անելիքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախատեսված ծրագրերի շրջանակում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաեւ հին ու արդեն մաշված ցանցերը:

Վարչական շրջաններում տնկվել է 15 տեսակի 1 մլն 800 հազար ծաղկասածիլ` 6.5 հեկտար տարածքով: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում կիրառվել է ձեւավոր ծաղկապատման մշակույթը` դիզայներական հարուստ լուծումներով: 2012 թվականին ստեղծվել են 14 հեկտար մակերեսով նոր սիզամարգեր, տարբեր վարչական շրջաններում ստեղծվել եւ բացվել է 20 այգի եւ պուրակ:  Գարնանային եւ աշնանային ծառատունկի միջոցով մայրաքաղաքում 2012 թվականին տնկվել է 40 հազար ծառ եւ թուփ (հացենի, կաղնի, ակացիա, սոսի, եղեւնի եւ այլ ծառատեսակներ): Տնկված ծառերի կպչողականությունը կազմել է շուրջ 70 տոկոս, ինչն աննախադեպ ցուցանիշ է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններում: Տնկվող ծառատեսակների ընտրությունը, ի դեպ, կատարվել է բնապահպնանության վարչության եւ քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ այս օրերին կանաչապատման ձեռնարկությունների կողմից ծառատունկի աշխատանքները Երեւանում դեռ շարունակվում են: Ավետ Մարտիրոսյանը անդրադարձել է նաեւ տնկիների գողության դեպքերին, նշելով, որ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը պատրաստ է բոլոր ցանկացողներին անվճար տրամադրել դեկորատիվ ծառեր: Տարվա ընթացքում կանաչաատվել, ծաղկապատվել եւ ձեւավորվել են վարչական բոլոր շրջանների այգիները, պուրակները, բակային տարածքները, կամուրջների եւ մայթերի հարակից հատվածները, ինչպես նաեւ ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը: Հատուկ ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանն ու  ու գեղարվեստական ձեւավորմանը: Այս տարի մայրաքաղաքում կանաչ գոտիների պահպանության ու նաեւ նորերի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում հասել է 842 հեկտարի (այս ցուցանիշը 2004թ.-ին եղել է 530 հեկտար): Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի երբեմնի անտառաշերտը վերականգնման ուղղությամբ: Ոռոգման եւ մշակման աշխատանքներ են իրականացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից  անտառային գոտում, Նորքի անտառպուրակում, Հաղթանակ զբոսայգում: Ընթացիկ տարին  մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկային տարածքների ձեւավորման առումով աննախադեպ է եղել: Արդյունքում, Երեւանը 2012 թ.-ին ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ համայնք: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ համեմատական վերլուծությամբ կանաչապատման առումով Երեւանը այսօր արդեն չի զիջում եվրոպական լավագույն քաղաքներին: Այս օրերին  կատարվում է Հոլանդիյից ներկրված 300 հազար գունավոր կակաչների սոխուկների ցանքս, որն իր արդյունքը կտա արդեն ապրիլին: Ծաղկային գամման մայրաքաղաքում կպահպանվի մինչեւ դեկտեմբեր: Վերոհիշյալ բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն եւ կընդլայնվեն 2013 թվականին: Միայն 20 հեկտարով նախատեսվում է ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, իսկ ծաղկապատման ցուցանիշը կհասնի 7.2 հեկտարի: Դարձյալ ուշադրության կենտրոնում կլինեն անտառապատ գոտիների ստեղծման,  նոր ոռոգման ցանցերի անցկացման, ծառատունկի եւ ծաղկային կոմպոզիցիաների իրականացման աշխատանքները: