Թեեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությանը, երկրի առջեւ երկու կարեւորագույն խնդիր է կանգնած, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ողջ հայության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Բեյրութում, հայկական Հայկազյան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը այնքան էլ լավ վիճակում չէ եւ մեր ժողովուրդն անցնելով երկար ու բարդ ճանապարհ, իրավունք ունի լավ ապրել, սակայն մեր հայրենիքում դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, անկախ նրանից, թե որքան շատ բան է արվել վերջին տարիներին:

Սոցիալ-տնտեսական հարցերն, իհարկե, կարեւոր են, սակայն ամենակարեւորը կենսականորեն կարեւոր արտաքին խնդիրներն են՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-հայտարարել է ՀՀ նախագահը, հավելելով, որ թեեւ 2011-ին համաշխարհային ճգնաժամի առկայությանը, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4 տոկոս, իսկ 2012-ին այդ ցուցանիշը կհասնի 7 տոկոսի:

Անդրադառնալով, ԼՂ խնդրի կարգավորմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն ընդունելի է ողջ աշխարհի կողմից: «Ողջ աշխարհը գիտի, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ես ուրախ եմ, որ այս տարիներին մենք մեր սկզբունքներից նույնիսկ մեկ միլիմետր չենք նահանջել»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Լիբանան կատարած իր նախորդ այցի ժամանակ տեղի հայ համայնքը սվիններով էր ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը: «Բեյրութի իմ քույրերն ու եղբայրները մտածեցին, որ մենք մոռացել ենք Հայոց ցեղասպանության փաստը եւ անհանգստացել, որ հայ-թուրքական արձանագրությունները բխում են Թուրքիայի շահերից: Շատերը տեսան իմ կայունությունն այդ հարցում: արիներ անց, կարծում եմ, շատերը համոզվեցին մեր քայլերի ճշմարտացիության մեջ, քանի որ Հայաստանն իրավունք չունի ներկայանալ մի երկիր, որը խնդիրներ է ստեղծում: Մենք իրավունք չունենք լինել մի երկիր, որը երկխոսության չի գնում:

Մենք լուրջ կորուստներ ենք կրել, սակայն չենք կորցրել մեր արժանապատվությունը եւ պատրաստ ենք գնալ երկխոսության: Խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը բանակցություններն են: Շատերն ասում էին, որ հայ-թուրքական արձանագրությունները թուրքամետ են եւ եթե տարիներ անց կան մարդիկ, որոնք շարունակում են այդպես մտածել, ապա ես նրանց ուզում եմ հարց տալ. Ինչո՞ւ Թուրքիան չի վավերացնում այդ արձանագրությունները»,-ընդգծել է նա: