Ներկայացնում ենք հատված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ վաստակավոր իրավաբան Անդրանիկ Միրզոյանի՝ «Առավոտ» թերթին տված հարցազրույցից։

«-Պարոն Միրզոյան, տարվա ամփոփումը համընկնում է ՀՔԾ-ի կազմավորման 5-ամյակի հետ։ Ինչպիսի՞ն է հանցավորության վիճակագրությունը։

-  Անցած հինգ տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 960 քրեական գործ։ Պետք է նշեմ, որ վերջին տարիներին նկատվում է մեր վարույթում քննվող քրեական գործերի նվազում եւ հիմա միջինը կազմում է տարեկան 170 քրեական գործ։ Գիտեք, որ օրենսդրությամբ հստակ սահմանված է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի շրջանակը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը։ Այսինքն՝ հստակ սահմանված են այն սուբյեկտները, որոնց վերաբերյալ քրեական գործերի քննությունը վերապահված է մեր ծառայությանը, եւ գործերի նվազումը կարող է ունենալ մի քանի պատճառ՝ կամ նշված սուբյեկտների մասնակցությամբ հանցագործություններն են նվազել, կամ էլ բացահայտումն արդյունավետ չէ։ Ինքս առավել հակված եմ երկրորդ տարբերակին, առավել եւս, երբ կոնկրետ գերատեսչություններ կան, որոնց աշխատակիցների կատարած հանցագործությունների ցուցանիշը շատ ցածր է, ինչը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում։

- Ո՞ր ոլորտները նկատի ունեք։

- Քննվող քրեական գործերն առավելապես վերաբերում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կատարած հանցագործություններին։ Օրենսդիր, գոծադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, հարկային-մաքսային մարմինների ներկայացուցիչների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված դեպքերի վերաբերյալ գործերի քանակը գրեթե զրոյական է։ Եթե սա օբյեկտիվ իրավիճակն է, ուրեմն միմիայն կարելի է ողջունել, բայց անձամբ իմ գնահատմամբ դա վիճահարույց է...»,-  վաստակավոր իրավաբանի խոսքերն է մեջբերում «Առավոտը»։