«Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի զղջացել Բաքու մեկնելու համար, եւ եթե նորից հրավեր լինի, սիրով կգնա: Այս մասին այսօր՝  նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան բացվեց Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի գլխավոր վեհաժողովը, իսկ մինչ այդ նրան մոտեցել են ադրբեջանցի լրագրողները եւ մի քանի խմբային հարցազրույցների միջոցով հարցեր ուղղել հայ-ադրբեջանական մարտահրավերների, ԼՂՀ խնդրի մասին: «Որոշում կայացվեց, որ իմ հիմնական ելույթը հնարավորինս քիչ լուսաբանվի: Ելույթին հաջորդեցին ադրբեջանցի համանախագահների ելույթը, հինգ-վեց հոգի շարեցին, մեկը մյուսից հետո թե Հայաստանին, թե Արցախին, ինչ ասես, ասացին, նաեւ անձնական վիրավորանք հասցնելով իմ հասցեին,ես ձայն խնդրեցի, բայց ձայնի իրավունք չտվեցին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը՝ առավոտյան, գիտաժողովի օրակարգում դրված էր բանաձեւի նախագիծ, որում ոչ մի անդրադարձ չկար ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ Արցախին: Ներկայացված էր, որ այն կընդունվի կոնսենսուսով մինչեւ ամփոփիչ նիստը: «Սակայն նոյեմբերի 23-ի առավոտը, երբ ներկայացա ելույթիս, ակնհայտ էր փոփոխություն: Եթե առաջին օրը գրված էր, որ պետք է ընթերցվի, ապա ընդունվի բանաձեւը, կանոկակարգը փոխվել էր, ընդունումը հանվել էր օրակարգից, միայն պետք է ընթերցվեր: Ելույթից հետո  մոտեցա Պակիստանի սենատորին, ով պատասխանատուն էր բանաձեւի ընթերցման: Նա հավաստեց, որ ոչ մի փոփոխություն չկա, ընդհանրական ձեւակերպումներ են լինելու միջազգային խնդիրների վերաբերյալ՝ խաղաղության կոչով: Այդ հավաստմամբ մոտեցավ ամփոփիչ նիստին, բայց տեսնելով, որ չի տարածվել վերջնական բանաձեւը, մոտեցա համանախագահներին եւ պահանջեցի խոստացված վերջնական բանաձեւի տեքստը: Ակնհայտ էր, որ ուրիշ բան էր պատրաստվում, որը լինելու էր՝ անկախ նրանից, ես բացակա էի, թե ներկա: Որոշել էին ընթերցման միջոցով հաստատելու պատրանք ստեղծել: Ընթերցվեց այդ բանաձեւը, բայց ոչ երբեք ընդունվեց, ոչ կոնսենսուսով, ոչ քվեարկությամբ, ոչ մի եղանակով չի հաստատվել»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում ականատես է եղել ոչ քաղաքավարի պահվածքի ոչ թե օտար պատվիրակությունների, այլ ադրբեջանցիների կողմից, որոնք ցանկանում էին իր համար անհարմար վիճակ ստեղծել:

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ շատերը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ, մինչ այդ իրենք լսել էին միայն կրկնող ադրբեջանական քաղաքականության, հռետորաբանության տարափը: Նա կարեւորեց, որ ամենուր Հայաստանը ներկա լինի, ոչ թե բացակա, որպեսզի կարողանա իր ներկայությամբ հավասարակշռել դիվանագիտական բացթողումները: Բաքվում գտնվելու ժամանակ «Ժառանգության» առաջնորդը դիմեց հանդիպելու մեկ հայ ընտանիքի հետ, սակայն այդ հանդիպումը չկյացավ, չկարողացան գտնել այդպիսի ընտանիք:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին մեկնել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի գլխավոր վեհաժողովին, որին հրավիրված է որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am