Վանաձորում կա 84 հատ երրորդ կարգի վթարային շենք, որտեղ մեղմ ասած բնակիչները ահ ու սարսափով են ապրում` քաջ գիտակցելով, որ ամեն պահի կարող են մնալ վթարային շենքի փլատակների տակ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, վթարային շենքերում ոչնիչ չփոխվեց, բացի բնակարանների վիճակը ավելի վտանգավոր դառնալուց: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանն ասաց, որ այս տարի էլ, վթարային շենքերի հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Կոնկրետ նոր բան չեմ կարող ասել, բայց քաղաքապետը նորից էդ հարցը բարձրացրել ա կառավարությունում, խոստացել են, որ 2013-ի ընթացքում ամրացվող շենքերի հետ կապված նորություն կլինի»,- ասաց նա:

Բաժնի պետի փոխանցմամբ, 84 շենքերն էլ ենթակա են ամրացման, իսկ թե քանիսը կամրացվեն, պարզ կդառնա նոր ուսումնասիրությունների արդյունքում: Հիշյալ շենքերը  վթարայնության աստիճան ստացել են 2004-2005թ-ին, իսկ հիմա, եթե նոր ուսումնասիրություններ արվեն, ապա հնարավոր է, որ շենքերից կեսից ավելիի վթարայնության աստիճանը փոխվի եւ դառնա 4-րդ աստիճան, այսինքն՝ քանդման ենթակա: Նոր ուսումնասիրությունների համար քաղաքապետարանը նոր է պատրաստվում դիմել: «Այս տարվա ընթացքում չենք հասցնի ոչինչ անել»,- ասաց բաժնի պետ Արա Մայիլյանը:

Վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների թիվը քաղաքապետարանից չկարողացան տրամադրել, պատճառաբանելով, թե նրանց թիվը պարբերաբար փոփոխվում է. «Բնակիչները հիմնականում շենքի տարածքում են ապրում, բայց ոչ շենքի ներսում, այլ շենքի բակում տեղադրված տնակներում»: Իսկ բնակարանների թիվը 84 շենքերում կազմում է 3280 բնակարան:

Բաժնի պետի վստահեցմամբ` նշված շենքերում կան բնակիչներ, որոնք արդեն նոր բնակարան են ստացել:

Փաստորեն ստացվում է, որ ամեն պահի այդ շենքերը կարող են փլվել հենց բնակիչների գլխին, այս տեսակետը  փաստում է նաեւ Արա Մայիլյանը. «Մենք բոլորին ստիուպմ, ասում ու զգուշացնում ենք, որ բնակարանները ազատեն, վտանագավոր է բնակվելը այդ շենքերում, մենք իրենց հանրակացարաններում սենյակներ ենք առաջարկել, սակայն բնակիչները չեն ցանկանում գնալ հանրակացարան, մենք նաեւ վարձակալած բնակարաններով կարող ենք ապահովել, վարձն էլ քաղաքապետարանը կտա…»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, թե  առատ տեղումների շրջանում շենքերի այդպես էլ չեղած ամրությունը քայքայվի ու շենքը փլվի բնակիչների գլխին, ով պետք է ստանձնի պատասխանատվությունը, Արա Մայիլյանը պատասխանեց. «Իհարկե բնակիչը»,- ասաց նա,  մանրամանելով, որ Վանաձորում կան շենքեր, որոնց համար կա նաեւ դատավճիռ, որպեսզի հարկադիրը հանի բնակիչներին, բայց ոչ ոք չի կարողանում բնակիչներին հանել իրենց տներից»:

Իսկ շենքերի վիճակների մասին խոսելն արդեն ավելորդ է. Քանդված հիմնապատեր, փլված տանիք, բազմահարկ շենքում աստիճանների բացակայություն: Այս շարքը իհարկե կարելի է շարունակել, եթե իհարկե դա որեւէ բան կփոխի երկրաշաժ տեսած ու դրանից հետո այսքան տարի «փլատակների» տակ ապրող բնակիչների կյանքում:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները՝ հեղինակի