Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի տան վրա ապրիլի 6-ին կատարված ավազակային հարձակման հեղինակներից մեկը դեռ չի հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 26-ամյա Դենիս Ենգիբարյանը դեռեւս գտնվում է հետախուզման մեջ:
Հետախուզման մեջ գտնվող մյուս անձը` Հակոբ Մնացականյանը, ով հայտնաբերվել էր, շարունակում է մնալ կալանքի տակ: Ոստիկանությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ այս դեպքի առթիվ Քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետերով (հանցագործության նախապատրաստություն-ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ),ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրենց տնից գողություն անել ցանկացողները եւ իրեն ծեծի ենթարկողները իրենց համագյուղացիներն են եղել, ում հետ, սակայն, Գեւորգյանների ընտանիքը ոչ բարեկամական, ոչ ազգակցական կապ չի ունեցել, շփում էլ չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի` ծեծի ենթարկվելու եւ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը նրա տնից գողության փորձն է եղել: NEWS.am-ին իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 6-ի առավոտյան երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել են մտնել նրա առանձնատուն, Արթուր Գեւորգյանը դուրս է եկել եւ նրանք դաժանաբար ծեծել են բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալին` հարվածներ հասցնելով հատկապես գլխի շրջանում: Այդ ժամանակ տանը գտնվում էր նրա կինը, երեխաները, ովքեր պատրաստվում էին գնալ աշխատանքի կամ դասի:





























