Հայաստանի ոստիկանության առաջարկով ՀՀ կառավարության նոյեմբերի 29-ի նիստի օրակարգ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Այն մի շարք նոր դրույթեր է պարունակում; Այսպես՝ առաջարկվում է առանձին պատժաչափ սահմանել ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելու, առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելու կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելու համար, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով: Պատժաչափը սահմանվում է 200-400 հազ. դրամ տուգանք կամ կալանք՝ մինչեւ մեկ ամսով:
Այս առաջարկն, այսպիսով, հստակ ուղղորդված է գրողների եւ լրագրողների շահերի պաշտպանությանը, թեեւ «զգալի չափով» արտահայտությունն այնքան էլ պարզ չէ:
Նշենք, որ գործող քրեական օրենսգրքում օգտագործվում է «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը» արտահայտությունը, սակայն այն իր անորոշություն է պարունակում;
Նույն հոդվածում նաեւ առաջարկվում է կետ ավելացնել, ըստ որի՝ հեղինակային իրավուքները պետք է պաշտպանվեն նաեւ ինտերնետում ու հեռահաղորդակցության այլ ցանցերում:




























