Դեկտեմբերի 1-ից Սիսիանի քաղաքապետարանում կիրականացվեն հերթական ստուգումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ինքը հրահանգել է ստուգումներ անցկացնել Սիսիանի քաղաքապետարանում։ Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ական է:

«Ավելի շատ օգնելու նպատակով է, բյուջեի, սեփական եկամուտների հավաքագրման նպատակով է: Ճիշտ չէ սա կապել քաղաքապետի կուսակցական պատկանելիության հետ»,- ասաց նա:

Սուրեն Խաչատրյանը նշեց, որ ստուգումները իրականացվում են մարզպետի հանձնարարությամբ, բայց Կառավարության թույլտվությամբ: Նրա խոսքով` մարզի մնացած համայնքներում` գյուղական եւ համայնքային, եւս ժամանակ առ ժամանակ եղել են ստուգումներ եւ կլինեն:

Խոսելով նախագահական ընտրությունների մասին` ՀՀԿ-ական մարզպետը վստահություն հայտնեց, որ այս անգամ եւս ՀՀԿ-ն հաղթանակ կտանի Սյունիքում: Նա կարծիք հայտնեց, որ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական լինելը չի կարող ազդել Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակի վրա: «Առավել քան վստահ եմ, որ լինելու է շատ բարձր հաղթանակ»,- ասաց Սուրեն Խաչատրյանը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ օրերս Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրահանգել է ստուգումներ անցկացնել Սիսիանի քաղաքապետարանում, բանն այն է, որ այնտեղ քաղաքապետը ԲՀԿ-ական է: