Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքում  սողանքի պատճառով փլված ճանապարհը ավելի է ցած հոսել՝ լուրջ վտանգ ներկայացնելով ճանապարհով երթեւեկող բնակիչների ու վարորդների համար: Խնդրին NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է, ներկայացնելով բոլոր պատկան մարմինների տեսակետը խնդրի վերաբերյալ: Բոլորն էլ մեկ մարդու նման հաստատել են, որ կա վտանգ, չկա լուծում:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանն ասաց, որ վիճակն ավելի է վատացել, ճանապարհը նեղացել է, իսկ ասֆալտի տակի հողը՝ ցած հոսել, ստեղծելով վտանգավոր իրավիճակ: Գյուղապետի փոխանցմամբ, այս տարի էլ ոչինչ չի փոխվի: Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչները NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում դժգոհել են մարզային ու պետական իշխանությունների ուշադրությունից՝ նշելով, որ պետությունը այսքան տարի չկարողացավ  գոնե մի ճանապարհի հարց լուծել. «Գյուղի կենտրոնական ճանապարհն ա, ցած ա թափվում, բայց ոչ մեկ տեր չի լինում, հաշվի չեն առնում, որ կենտրոնական ճանապարհ ա։ Թե՞ սպասում են մի քանի հոգի հողի տակ անցնեն, նոր սկսկեն քայլեր ձեռնարկել»,-դժգոհել են նրանք:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Վոլոդյա Սարգսյանն ասաց, որ խնդրով զբաղվում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, իրենք նախագիծ են կազմել, մնում է կառավարությունը գումարներ հատկացնի: Փաստորեն, այս տարի էլ, ներքինծաղկավանցիները կերթեւեկեն շուրջ 30 մետր ցած հոսող ճանապարհով, մանավանդ, ձմռանը, երբ տեղումները թուլացնում են առանց այդ էլ թուլացած ճանապարհը:

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան ունի շուրջ 560 բնակիչ, որոնց մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մի մասն էլ` մեկնում է արտագնա աշխատանքի:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի