Շիրակի մարզպետարանի դիմաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բենզալցակայան կառուցելը օրենքի սահմաններում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը:
«Շինարարության իմաստով ինչ-որ արվել է Վարդան Ղուկասյանի կողմից եւ արվում է նրա կողմից, օրենքի սահմաններում է»,- ասաց նա:
Մեր հարցին, թե բենզալցակայանի կառուցումը եւս օրենքի շրջանակներում է, մամուլի քարտուղարն ասաց, որ «ինքը հենց այդ մասին է խոսում, խոսքը հենց դրան է վերաբերում»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը, թե այդ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ՝ Լիլիթ Աղեկյանը հարկ չհամարեց մեկնաբանել: «Ես այդ անձի ասածները չեմ մեկնաբանում, որովհետեւ հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Լիլիթ Աղեկյանը:
Նշենք, որ «Առավոտը» գրել էր, թե Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: «Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. երկու անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:




























