Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին:  Ողջունելով  հյուրին՝ քաղաքապետ  Սամվել Բալասանյանը նախ շնորհակալություն է հայտնել  ֆրանսիական կառավարությանը  սկսած 1988թ. աղետալի երկրաշարժից  հետո Գյումրիին ցուցաբերված օժանդակության համար եւ հակիրճ  ներկայացրել քաղաքի զարգացման սեփական տեսլականը ըստ առանձին ճյուղերի, ինչպես նաեւ  այս պահին  քաղաքի առաջ ծառացած հիմնական  խնդիրներն  ու անհետաձգելի լուծում պահանջող հարցերը: 

Պատասխան խոսքում դեսպան Ռենոն շնորհավորել է Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման շրջանում Գյումրու քաղաքապետարանի եւ դեսպանատան միջեւ առկա հարաբերություններն ավելի կխորանան: Այնուհետեւ կողմերը մտքեր են փոխանակել առանձին հարցերի շուրջ, շոշափել նաեւ Գյումրու եւ Ֆրանսիայի քաղաքաներից մեկի միջեւ երկկողմ հարաբերություններ սկսելու հեռանկարի հետ կապված հարցեր: