Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու կապակցությամբ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին դատախազ Գրիշա Միքայելյանին եւս հայտարարվել է նկատողություն` դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ:

Մեր տեղեկություններով` Հրաչյա Բադալյանին նկատողություն հայտարարելու պատճառը վերջերս կայացած կոլեգիայի նիստի ժամանակ նրա վարքն է: Նիստի ժամանակ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի` Երեւան քաղաքի դատախազությանն ուղղված քննադատությանը նա տեղից արձագանքել էր եւ իրեն թույլ տվել վիրավորական արտահայտություններ վերջինիս հասցեին: Մասնավորապես, Երեւանի դատախազը վիրավորվել էր, երբ ՀՔԾ պետը նշել էր, թե պետք է ժամանակին եւ ամենօրյա պատշաճ հսկողություն իրականացնել, ոչ թե սպասել որեւէ խախտումի, որպեսզի հետադարձ ուղղումներ, շտկումներ կատարվի:

Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ այս ամենից բացի` որոշ դատախազների նկատմամբ իրականացվում են ծառայողական քննություններ` պարզելու թե որքանով են նրանք պատշաճ իրականացրել իրենց դատախազական հսկողությունը: Ստացված ահազանգները վերաբերում են մարդու դեմ հանցագործություններին:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե նոյեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական վարույթներ են իրականացվել մի քանի դատախազների նկատմամբ, այդ թվում և Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի: «Դատախազության նիստերից մեկի պատճառով Բադալյանը, համաձայն չլինելով ՀՔԾ պետի հետ, տեղից միջամտել է, իսկ նիստից հետո բոլորի ներկայությամբ անվայել արտահայտություններ է ուղղել դեպի ՀՔԾ պետը, նրան չի կարողացել սաստել նաև գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչը»,- գրել էր թերթը: