Ամերիկյան մարդաբանները պարզել են, որ հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը էապես տարբերվում է միջին մարդու ուղեղի ստանդարտներից:
Ֆլորիդայի նահանգի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Դին Ֆոլքը եւ նրա գործընկերները Առողջապահության եւ բժշկության ազգային թանգարանից Էյնշտեյնի ուղեղի 14 լուսանկար են ստացել եւ համեմատել դրանք 85 այլ մարդկանց ուղեղի հետ: Գիտնականներին ամեից շատ ցնցել է գլխուղեղի ճակատային մասը, որը պատասխանատու է աբստրակտ մտածողության համար:
Էյնշտեյնի գլխուղեղի ռելիեֆն ավելի բարդ կառուցվածք է ունեցել, իսկ հիմքի մասը սովորականից ավելի մեծ է եղել, որի շնորհիվ էլ նա կարողացել է մտածել այնպես, ինչպես ոչ ոք:
Բացի այդ, ձախ ձեռքի զգացողությունների համար պատասխանատու գոտին շատ մեծ է եղել, ինչը ոչ մի կապ չի ունեցել գիտնականի հանճարեղության հետ, փոխարենը դրանով է պայմանավորված նրա մեկ այլ՝ ջութակահարի տաղանդը, հաղորդում է Versii.com-ը:
Հիշեցնենք, որ Էյնշտեյնի մարմինը հերձելիս պաթոլոգանատոմ Թոմաս Հարվին գանգից առանձնացրել է ուղեղը: Նշվում է, որ դա արվել է Էյնշտեյնի որդու՝ Հանս Ալբերտի համաձայնությամբ, թեեւ գիտնականը կտակում նշել էր, որ ուզում է իր մարմինը դիակիզեն:
Հարվին բազմաթիվ լուսանկարներ է արել տարբեր կողմերից, որից հետո ուղեղը բաժանել է 240 հատվածների: Յուրաքանչյուր հավածից նա մասնիկներ է պակել եւ ուղարկել աշխարհի լավագույն նյարդաբաններին:
Այդ ամենի արդյունքում երկու գիտական հոդվածներ են գրվել, որոնցից մեկը տպագրվել է 1985 թվականին, մյուսը՝ 1995-ին: Այդ հոդվածներից աշխարհն իմացել է, որ Էյնշտեյնի ուղեղը յուրահատուկ է, այն զուրկ է եղել ծերացման նշաններից, որոնք բնորոշ են 76-ամյա մարդու ուղեղին:





























