Նախկինում դատված եւ դատվածությունը մարած 34-ամյա Գ. Մ.-ն ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ է արձակել եղբոր` Գ. Մ.-ի ուղղությամբ: Բարեբախտաբար, նա չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 34-ամյա Գ. Մ.-ն Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում, գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել եղբոր` Գ. Մ.-ի ուղղությամբ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով`սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 235 հոդվածի 1-ին մասով`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























