Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ խոսակցությունները հիշեցնում են հեծանիվ հորինելու մասին անեկդոտը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
«Միջադեպերի հետաքննության անհրաժեշտության մասին այնքան քննարկումներ են ծավալվում, կարծես թե դրանց ծագումը պարզ չէ: Ամեն ինչ այնքան տեսանելի է, որ մեծ հետաքննություն չի պահանջվում», -նշեց ռուսաստանցի դիվանագետը:
Նա հիշեցրեց, որ դեռ 1995թ. փետրվարի 4-ին հատուկ համաձայնագիր կնքվեց հակամարտության բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, որը կոչվում է «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին»: «Սակայն, ըստ էության, խոսքը ոչ միայն հրադադարի ռեժիմի ամրապնդման, այլ շփման գծում միջադեպերի մասին էր: Պայմանավովածություն կար հրադադարի մասին` առանց զորքերը հեռացնելու»,-նշեց Կազիմիրովը:
Դիվանգետը նշեց, որ 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվայում պաշտպանության երեք նախարար արձանագրություն ստորագրեցին այն մասին, որ հրադադարի ձեռքբերումից կախված`զորքերի հեռացում կիրականացվի: «Ով է հեռացել այդ պայմանավորվածությունից: Դրանից որոշ ժամանակ անց ես հաճույք ունեցա քննարկելու այն ժամանակվա Ադրբեջանին պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի հետ, որն սկսեց ինձ ապացուցել, որ «դա մեր հողն է եւ թող հայերը նահանջեն»: Այդ խնդրի լուծման համար մտածվել էր զորքերի հեռացման ասիմետրիկ տարբերակը, այսինքն այնտեղ, որտեղ ադրբեջանական գյուղեր կային, հայկական ուժերը հեռանում են եւ հակառակը: Եւ այդ տարբերակը դուր չեկավ»,- նշեց Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով` այդ համաձայնագրում հստակ արձանագրված են միջադեպերի դեպքերում գործողությունները: «Միջադեպի մասին հայտարարող կողմը ներկայացնում է տվյալները: Մյուս կողմը 6 ժամվա ընթացքում պարզաբանում է տալիս: Բացի այդ նախատեսվում էին տեղական մակարդակով շփումներ: Դա չի նշանակում, որ մի կողմ է մնում բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը: Սակայն հեշտացվում էին շփումները տեղական հրամանատարության միջեւ: Սակայն այդ համաձայնագիրը չի կատարվում: Ընդ որում լկտիաբար չի կատարվում: Եթե փաստաթուղթն ստորագրելով, կողմը հետագայում որոշում է, որ դա իրեն պետք չէ, գոյություն ունեն քաղաքակիրթ մեթոդներ: Սկզբում կարելի է առաջարկել փոփոխություններ կատարել փաստաթղթում: Սակայն եթե այլ լուծումներ չեն գտնվում, փաստաթուղթը չեղյալ է համարվում: Ադրբեջանն արդյոք քաղաքակիրթ կերպով է գործել այդ համաձայնագրի նկատմամբ: Ոչ, պարզապես բացարձակ լիակատար լռություն է, կարծես թե այդ փաստաղթուղթը չի էլ ստորագրել, ընդ որում` Հեյդար Ալիեւի ուղիղ հովանավորությամբ»,-նշեց Վլադիմիր Կազիմիրովը:




























