Ընթացիկ տարվա հոկտեմբերին մայրաքաղաքում առանձնատների առքուվաճառի 159 գործարք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 45,9%-ով: Այսինքն, աճը կազմել է  շուրջ հինգ տասնյակ տուն, ինչը, սկզբունքորեն, քիչ չէ մեկ ամսվա համար, եթե հաշվի առնենք, որ  առանձնատների ֆոնդը մայրաքաղաքում  54,7 հազ. միավոր է կազմում:

Այդ ֆենոմենը հասկանալու համար` դիտարկենք  Հայաստանում դոլարի փոխարժեքի դինամիկան այդ ժամանակահատվածի համար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հոկտեմբերին դոլարն «ամրապնդվել է» 30 դրամով կամ 8,0%-ով:  Այդ իսկ պատճառով, չնայած առանձնատների` դրամով արտահայտված շուկայական արժեքի աճին,  դոլարային համարժեքով նրանց գները նվազել են:  Գծապատկերում ըստ Երեւանի վարչական շրջանների ներկայացված է առանձնատների  1 քմ-ի շուկայական արժեքի աճի (անկման) ցուցանիշը:

Երեւանում տարվա ընթացքում առանձնատների 1 քմ-ի շուկայական արժեքում աճի (անկման) ցուցանիշը` 2011թ. հոկտեմբերից 2012թ. հոկտեմբեր կտրվածքով (հազ. դրամով)

Առավել մեծ աճ արձանագրվել է մայրաքաղաքի ամենաթանկ` Կենտրոն  շրջանում` 1 քմ-ի համար միջինը 12,5 հազ. դրամ:  Հաջորդում է Նորք Մարաշը (12,2 հազ. դրամ), հետո` Քանաքեռ- Զեյթունը (10,2 հազ. դրամ):

Սակայն նշաված աճը սխալ կլինի միանշանակ ընդունել: Մայրաքաղաքի բնակարանային շուկայում կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում` կապված «հին» ֆոնդերը նորերով փոխանակելու հետ: Այդ գործընթացն էլ նպաստում է գների մեխանիկական աճին:

Հաջորդ գործոնը, ինչպես նշվեց, դոլարի փոխարժեքն է: Եթե միջին շուկայական գները դրամից վերածենք դոլարի, ապա բոլորովին այլ պատկեր կստանանք: Փաստացի, դոլարային համարժեքով, առանձնատները ոչ թե թանկացել, այլ էժանացել են:

Գների փոփոխություններն առավել տեսանելի ներկայացնելու համար  հաշվարկում ենք ստանդարտ առանձնատան` 250 քմ տարածք եւ 400 քմ տնամերձ հող, շուկայական գները:

Երեւանի վարչական շրջաններ

Ստանդարտ առանձնատան` 250 քմ, գները հազ. դոլարով

2011 թ հոկտեմբեր

2012 թ հոկտեմբեր

բացարձակ աճ/անկում/
Կենտրոն 302 287 -15
Արաբկիր 244 231 -14
Քանաքեռ-Զեյթուն 183 176 -7
Նորք-Մարաշ 199 192 -7
Ավան 171 163 -8
Էրեբունի 155 143 -12
Շենգավիթ 162 153 -8
Դավթաշեն 176 164 -12
Աչափնյակ 158 149 -9
Մալաթիա-Սեբաստիա 155 143 -12
Նուբարաշեն 97 89 -8
Միջինը Երեւանով 182 172 -10

Ընթերցողներից նրանց, ովքեր նախընտրում են  բնակարանային մակերեսի առավել հստակ հաշվարկներ, տեղեկացնենք, որ վերջին տվյալներով (2011թ.) Երեւանում առանձնատների միջին տարածքը կազմել է 160,5 քմ` 1,6 անգամ փոքր «ստանդարտ» համարվող տարածքից:

Ալբերտ Խաչատրյան