Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Կարմիր գյուղում հանդիպում է ունեցել Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի դպրոցների տնօրենների հետ:
Դեսպանի այցելության նպատակն էր շրջանի հայկական դպրոցների առջեւ կանգնած հիմնախնդիրների պարզաբանումը, կրթօջախների տնօրեններին հուզող կարեւոր հարցերի արձանագրումն ու դրանց լուծմանն աջակցելու հնարավորությունների քննարկումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայոց լեզվի եւ գրականության դասագրքերին, հայերենի դասավանդման ժամերի քանակին, ուսումնական ծրագրերին վերաբերվող մի շարք հարցեր:
Դեսպան Մանուկյանը, մանրամասն հետաքրքրվելով դպրոցներում առկա հիմնախնդիրներով, որոշակի առաջարկություններ է ներկայացրել դրանց լուծման ուղղությունների վերաբերյալ եւ հույս հայտնեց, որ դրանք դրական լուծումներ կգտնեն Վրաստանի համապատասխան գերատեսչության ղեկավարության հետ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում:
Հովհաննես Մանուկյանը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակական եւ պարբերական բնույթ հաղորդել հայկական կրթօջախների տնօրենների հետ նմանատիպ հանդիպումներին ու շփումներին, ինչպես նաեւ խնդրել է այսուհետ եւս անհրաժեշտության դեպքում դեսպանությանը ներկայացնել բոլոր հրատապ լուծում պահանջող հարցերն ու խնդիրները:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:





























