1988-ին սկիզբ առած` լույսի եւ խոստումնալից ապագայի համար ազատագրական պայքարը վկայում էր վերածնված հայ ժողովրդի հավաքական անխոնջ ջանքերի ու կամքի, փոխադարձ վստահության եւ անկեղծության մասին: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում արվելիք հայտարարության մեջ:
«Հայ ժողովուրդն իր պատմական ընթացքի վերջին 20 տարիներին բեկում մտցրեց իրեն պարտադրված հերթական՝ թուրքական պատերազմում: Մենք ազատագրեցինք մեզ պատկանող հայրենիքի մի մասը եւ 1994-ին պարտադրեցինք, որ մեզ հետ թուրքական քաղաքականություն վարողները ստորագրեն զինադադարի փաստաթուղթ: Մեր պատմության այս էջը անկասկած լուսավոր է եւ խոստումնալից:
Ցավոք, մեր հաղթանակից ընդամենը մեկ տարի անց՝ 1995-ին, սկսվեց մեր երազանքներից մեզ հեռացնելու կործանարար ժամանակաշրջանը, որն այսօր էլ դեռ շարունակվում է: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» անվամբ մեզ պարտադրվեց սառը, ինքնակալ, հրեշավոր պետական կառավարման համակարգ, որն այլեւս մերժում էր հայ ժողովրդի հավաքականությունը:
Սառը, ինքնակալ, հրեշավոր, ազգի հավաքական համոզմունքը խաթարող պետական կառավարումը եւ նրա գլխին կանգնած հրեշն առաջին անգամ իր գոյության մասին սարսափ տարածեց 1996-ին:
Այսուհետ ստի, կեղծիքի եւ խարդախության միջոցով հրեշը շարունակեց վարել իր քաղաքականությունը: Ինչ որ նա ուներ եւ ունի, գողացված է: Նա կծում էր` ուժ էր գործադրում եւ շարունակում է նույնն անել գողացված ատամներով` հայկական բանակով: Հրեշը գրավեց շատ-շատերին, այդ թվում՝ նաեւ վերածնված հայ ժողովրդի հավաքական կամքի վառ արտահայտողներին, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները: Նա պատրաստ էր եւ պատրաստ է ամեն ինչ տալ բոլոր նրանց, ովքեր կխոնարհվեն եւ կպաշտեն նրան՝ հրեշավոր կուռքին, նա նաեւ ջանքեր չի խնայում՝ գնել առաքինության փայլը ու հպարտ աչքերի հայացքը, քանի որ հրեշավոր սառնությունը իր կյանքը շարունակելու համար կարիք ունի ջերմության:
Հրեշին շրջապատողները պարտավոր են կորցնել մարդկայինը: Այստեղ դանդաղ ինքնասպանությունը կյանքի է կոչվում: Գողությունը տաղանդ է, գողացածի ցուցադրումը՝ իբրեւ իրենց պատկանող մշակույթ: Մարդկային արյամբ ձեւավորված եւ գոյատեւող հրեշի գահը մարդկային ոգիների նեխման պատճառով դարձել է գարշելի, նրա գարշելիության հոտն անտանելի է, սակայն նրա վերջը տեսանելի է եւ անխուսափելի, քանի որ բնության ոսկե օրենքն է՝ նեխելուց հետո ծնվում է նորը:
Հավատացած եմ՝ մենք նորից ականատեսն ենք լինելու հայ ժողովրդի հավաքական ջանքերը գործադրելուն: Սկիզբ առնող նոր կյանքը կրկին մեզ մոտեցնելու է մեր երազանքին:
Մենք ապրելու ենք Նոր Հայաստանում, որը մեր բացարձակ իրավունքն է, անժամկետ պատկանում է մեզ եւ անօտարելի է»,- նշել է Փոստանջյանը:




























