Թրաֆիքինգի թիրախային խմբերում հիմնականում Հայաստանի մարզերն են, հատկապես Շիրակի եւ Լոռիի մարզերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Նրա խոսքով, կանայք հիմնականում գնում են Թուրքիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, քանի որ նրանց համար սահմանը հատելը ավելի հեշտ է: Բացի այդ, միայն այդ երկրները պահանջարկ ունեն: «Սահմանների մոտ լինելու հանգամանքը, աղետի գոտին, աշխատաշուկայի ծանր վիճակը իր հերթին է ազդում: Իսկ այդ ճանապարհը ընտրածները այն կանայք են, ովքեր ունեն մեծ անինքնավստահություն, կործանված, խեղված ճակատագրեր»,- նշեց Մարիամ Մեհրաբյանը եւ ավելացրեց, որ սեռական շահագործման զոհերը հիմնականում 22-35 տարեկան կանայք են:
Ի դեպ, նա փոխանցեց, որ կան դեպքեր, երբ կինը ինքնակամ է գնում սեռական շահագործման: Բայց նրանցից վերցնում են անձնագիրը եւ խոստացված գումարը չեն տալիս: Ավելին` նման իրավիճակում հայտնված կանայք հաճախ ընտրելու հնարավորություն էլ չեն ունենում, թե օրը քանի հաճախորդի հետ սեռական հարաբերություններ ունենան: Հարցին, թե թրաֆիքինգի զոհերի պատմելով իրենք օրը քանի հաճախորդի հետ են սպասարկել, հոգեբանն ասաց. «Ձեռնարկներում տպագրված պատմությունները վկայում են, որ դեպքեր են եղել, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում ստիպված են եղել մեկ օրում 10-20 անգամ ծառայություն մատուցել»,- նշեց հոգեբանը եւ ավելացրեց, որ նրանց հետ շատ դժվար է աշխատելը, քանի որ կաշկանդված են, իրենց ներսում իրենց ես-ը չունեն: Մարիամ Մեհրաբյանի փոխանցմամբ, երբ պետք է հասնեն այն կետին, որ ամեն ինչ պետք է պատմեն շրջանցում են, որովհետեւ տրավմա ունեն: «Իրենց ձեռքը բռնած մենք գնում ենք, քանի որ հեռանկար չեն ունենում: Ընդհուպ զանգում ենք ընտանիքին, որ կապը վերականգնենք: Ավելին` նույնիսկ չեն ուզում վերադառնալ ընտանիք, քանի որ կարծում են, թե այդ ընտանիքի խնդիրներն են իրեն տարել այդ ճանապարհով: Թող չթվա, թե նորմալ, ջերմ ընտանիքի մարդիկ են այդ ճանապարհը ընտրում»,- լրացրեց հոգեբանը:
Հ.Գ Մարիամ Մեհրաբյանի տվյալներով 2006-2012 մոտավորապես 150 կին թրաֆիքյոր դատապարտվել է ազատազրկման:



























