Հերթական այցով Հայաստանում գտնվող անձնակազմի կառավարման հարցերով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամները ս.թ. նոյեմբերի 30-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փորձագետները ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել են խորհրդատվական այցի ընթացքի մասին, անձնակազմի կառավարման ոլորտում առաջադեմ փորձը տեղական պայմաններին ու իրականությանը համապատասխանեցնելու միջոցով Հայաստանի Հանրապետության համար յուրահատուկ լուծումներ գտնելու նպատակով ներկայացրել նկատառումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արհեստավարաժ սերժանտական եւ սպայական կազմերի միջեւ գործառույթների ու պարտականությունների բաշխման, արհեստավարժ սերժանտների դրամական բավարարման, սերժանտական կազմի ընտրության, կոչումային ու պաշտոնեական առաջխաղացման եւ նրանց համար ուսումնակրթական հնարավորություններ ապահովելու խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքներով կողմերը նախանշել են անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներում ՀՀ պաշտպանության նախարարության եւ համատեղ փորձագիտական խմբի միջեւ համագործակցության հետագա ուղիները:



























