Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք եւ ծանոթացել նրա պայմաններին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, եւ այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:

Այնուհետեւ նախագահն այցելել է «Սուր-Նարեկ» ՍՊԸ շինանյութերի արտադրամաս եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: