Նոյեմբերի 28-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված ժամանակակից հայ գրականությանը: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայի Հայ առաքելական համայնքի եկեղեցական վարչությունը: Միջոցառմանը մասնակցեցին եւ արդի հայ գրականության խնդիրների շուրջ արտահայտվեցին Հայաստանից հրավիրված բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը, Վիեննայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը եւ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը: Դահլիճում ներկաների հետ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ արդի հայ մշակույթի խնդիրների շուրջ: Ներկաները փաստեցին նաեւ, որ հետանկախական շրջանում սա առաջին հանդիպումն էր Հայաստանից ժամանած գրողի հետ եւ կարեւորեցին հետայսու նման միջոցառումների կազմակերպումը:

Նոյեմբերի 29-ին Ա. Շեկոյանը, Ա. Ալեքսանյանը, Հ. Մաուրերը եւ ավստրիացի հայտնի ջազային երաժիշտ Պետեր Չեխը, ով հոկտեմբերին այցելել էր Հայաստան, ընդարձակ հարցազրույց տվեցին Ավստրիայի ORF հանրային ռադիոկայանին: Հաղորդման մասնակիցները ներկայացրեցին ժամանակակից հայ գրականության, երաժշտարվեստի եւ ընդհանրապես` հայ մշակույթի վերաբերյալ իրենց մտորումները: Դեսպանորդ Ա. Ալեքսանյանն անդրադարձավ հայ-ավստրիական մշակութային կապերի ներկա հանգրվանին եւ համագործակցության հեռանկարներին: