Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում այսօր՝ հունվարի 28-ին տեղի է ունեցել Բանակի օրվա կապակցությամբ նախագահի հրամանագրերով պարգեւատրված պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, շնորհավորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության կառավարական պարգեւների ու բարձրագույն զինվորական կոչումների արժանանալու կապակցությամ, նախագահ Սարգսյանն ասել է. «Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուրդը իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն՝ ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին»:
Ըստ նախագահի՝ զինվորականներն այսօր պարգեւատրվում են իրենց արձանագրած հաջողությունների համար, իսկ «ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե՜ առարկայորեն, թե՜ հոգեբանորեն, թե՜ քաղաքականապես»:




























