NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։
Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունվարի 25-ին Սոչիում կայացած հանդիպումը։ Գրանցվե՞ց արդյոք էական տեղաշարժ ղարաբաղյան հակամարտության հարցում, թե՞ այդ բանակցությունները կարելի է հերթականներից մեկը համարել։
Հակամարտող կողմերի ցանկացած հանդիպում՝ լինի դա պաշտոնական, թե ոչ պաշտոնական մակարդակներով, դրական եմ համարում։ Երկխոսությունն առնվազն նպաստում է հակամարտության տարածաշրջանում լարվածության թուլացմանը։ Սոչիի հանդիպումն ավելի շուտ հերթական էր, քանի որ առաջխաղացման համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել
Հանդիպման արդյունքներով, ՌԴ արտգործնախարարի կողմից Մադրիդյան սկզբունքների պրեամբուլայի մասով հայտարարություն արվեց։ Արդյո՞ք դա նշանակում է, որ կողմերն առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները, եւ, Ձեր կարծիքով, որքանո՞վ են իրատեսական խնդրի լուծման հեռանկարները։
Հաշվի առնելով ներկայիս մեթոդաբանությունը, ինչպես նաեւ Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի մոտեցումները, դժվար է խոսել տեսակետների մոտեցման մասին։ Ադրբեջանական կողմը կամ առաջարկում է կարգավիճակ՝ իր կազմում, կամ պատերազմ։ Հայկական կողմը Բաքվից եւ միջազգային հանրությունից սպասում է ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Քանի որ մենք պատրաստ ենք այսուհետեւ եւս պնդել մեր անկախ պետականությունը, իսկ Ադրբեջանն էլ պատրաստ չէ ընդունել ԼՂՀ քաղաքացիների իրավունքները, փոխզիջման հեռանկարների մասին խոսելն ավելորդ է։ Փոխզիջումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ԵՄ երկրները նոր որակներ մտցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԼՂՀ անկախ պետականության ճանաչմամբ։ Միայն այդ ժամանակ կողմերը կարող են պայմանավորվել խաղաղ, նույնիսկ բարիդրացիական հարաբերությունների շուրջ։ 2008թ. օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ պոտենցիալ ագրեսորի համոզմունքները կարող են անարդյունավետ լինել, այդ պատճառով էլ տարածաշրջանային կայունությամբ մտահոգված ուժերի կողմից պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն, որոնք իրապես կփակեն դեպի զինված արկածախնդրություն տանող ճանապարհը։
Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Երեւանը եւ Բաքուն երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն եկել։ Ի՞նչ առաջարկություններ պետք է ներկայացնի, ըստ Ձեզ, հայկական կողմը, եւ այդ ժամկետներն արդյո՞ք ճնշում չեն կողմերի վրա։
Քանի որ Հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակը չի հրապարակվել, ես դժվարանում եմ հստակ ինչ որ բան խորհուրդ տալ հայկական կողմին։ Իսկ եթե ընդհանուր խոսենք, ապա Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը այն վեց սկզբունքների շուրջ, որը հրապարակվել էր 2009 թվականի հուլիսին, հստակ է. մենք բացասական ենք վերաբերվում այդ սկզբունքներին։ Չեմ կարծում, որ նորացված սկզբունքները կարող են արմատականորեն տարբերվել ավելի վաղ առաջարկվածներից։ Այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մշակեն նոր սկզբունքներ, որոնք վտանգի տակ չեն դնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ ապագան։
Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, ապա բանակցային գործընթացի արհեստական ակտիվացումը կարելի է ընկալել իբրեւ ճնշման մի տարբերակ, բայց այս դեպքում խոսքը գնում է քննարկվող փաստաթղթի շուրջ առաջարկություններ ներկայացնելուն, որը 2 շաբաթվա ընթացքում հանգիստ կարելի է պատրաստել։




























