Այսօր` հունվարի 29-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ձերբակալված եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված ԵԿՄ Արագածոտնի մարզի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանը: Նա ազատազրկման մեջ էր 2008 թվականի հունվարի 27-ից եւ մեղադրվում էր ՀՀ Քր. Օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասով /խուլիգանություն/: Մկրտիչ Սափեյանը ազատ է արձակվել, քանի որ լրացել է նրա պատժաչափը:
Հիշեցնենք, որ այդ օրը Մկրտիչ Սափեյանը եւ նրա եղբայրը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավար Ժորա Սափեյանը ձերբակալվել էին Թալինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ` Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ հավաքվածների միջից մեկը` Սարգիս Կարապետյանը, անվայել խոսքեր ու հայհոյանքներ էր տեղացել ՀՀ առաջին նախագահին հասցեին, ինչի հետեւանքով վիճաբանություն էր հրահրվել եւ Ժորա, Մկրտիչ Սափեյաններն ու նրանց քրոջ որդին ձերբակալվել էին:
Մկրտիչ եւ Ժորա Սափեյանները Հայ ազգային կոնգրեսի կողմից համարվում են քաղբանտարկյալներ: Հիշեցնենք, որ Ժորա Սափեյանը ազատազրկվել էր նաեւ 2004 թվականին ապրիլի 12-ի գիշերը տեղի ունեցած հանրահավաքից հետո, որից հետո նա դիմել էր Եվրոպական դատարան եւ շահել դատը: Ներկայումս Ժորա Սափեյանը դեռ մեկուսարանում է եւ եվրոպական դատարանի որոշումն ստացել է այն ժամանակ, երբ կրկին անազատության մեջ էր: Ժորա Սափեյանը Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը պնդում էր, որ Սափեյանները խուլիգանություն չեն կատարել, Սարգիս Կարապետյանը սադրիչ է եղել, միջադեպը` դիտավորյալ հրահրված, եւ հանցակազմի բացակայության հիմքով գործը պետք է կարճվեր: «Անօրեն երկիր է, պիտի նստեինք, բա ինչ պիտի անեինք… Ինչի դուք նստած չե՞ք… Միայն ափսոսում եմ, որ ընկերներիս թողեցի ու դուրս եկա… Բայց պիտի պայքարեմ իրենց համար», — ՔԿՀ-ից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մկրտիչ Սափեյանը: Նրան դիմավորելու էին եկել հարազատները, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտված եւ ազատ արձակված ընկերները:




























