Դեկտեմբերի 9-ի երեկոյան Ռուսաստանի պետական հեռուստատեսության «Վեստի նեդելի» հաղորդման ընթացքում է սիրիահայերի ճակատագրի վերաբերյալ ծավալուն սյուժե է ցուցադրվել: «Ռոսիա 1» (ՌՏՌ) հեռուստաալիքի հաղորդավարը սկզբում նշել է, որ Սիրիայում քրիստոնյաների շրջանում շատ հայեր կան: Սիրիայի հայ համայնքի կենտրոնը Հալեպն է, որը երկրի տնտեսական մայրաքաղաքն է: Այժմ այնտեղ հայերի նկատմամբ իսկական որս է սկսվել: Թուրքիայից ներթափանցած գրոհայինները հրաձգության են ենթարկում բոլոր նրանց, ովքեր որոշել են մնալ եւ ովքեր որոշել են հեռանալ` նրանց դարանելով օդանավակայան տանող ճանապարհին: Այնուհետեւ ռուսական պետական հեռուստատեսության գլխավոր տեղեկատվական ծրագրի եթերում ցուցադրվել է մի նյութ, որի տեքստային տարբերակը NEWS.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը:
«Մարդասիրական բեռով օդանավը Երեւանից վայրէջք է կատարում Հալեպում: Մինչեւ վերջերս Սիրիայի հարուստ եւ առատաձեռն հայ համայնքը այժմ օգնության կարիք ունի: Անհրաժեշտ է արեւածաղկի ձեթ, կաթ, ալյուր: Այդ կադրերը նկարահանել է այդ նույն չվերթով ժամանած լրագրող Արման Սաղաթելյանը: Նա ֆիլմ է պատրաստում Հալեպի սիրիահայերի կյանքի մասին: Նա ցնցված է, թե ինչպես մոլորակի ամենահին բնակավայրերից մեկում այժմ պաշտպանվում են դիպուկահարներից: «Ձեռագործ նյութերից պատվարներ` հիմնականում դրանք սփռոցներ են, ծածկոցներ, եւ չգիտեմ էլ, թե ինչ: Ծածկոցներ, վարագույրներ՝ դիպուկահարներից պաշտպանվելու համար», - պատմում է լրագրող, «Պանարմենիան մեդիա գրուփ» հոլդինգի փոխնախագահ Արման Սաղաթելյանը:
Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպը նաեւ տեղի հայկական սփյուռքի հենքն է: Մինչեւ պատերազմը Սիրիայում եղել են հարյուր հազարից ավելի հայեր: Այժմ կեսից էլ քիչ են: Մենք հասանք Սուրբ Գեւորգ եկեղեցի, ոը պատերազմական գործողությունների ընթացքում հրդեհվել էր: Ամբողջովին այրվել էր գրադարանը: Երգեհոնը, հոգեւորականների հանդերձներն ամբողջովին այրվել էին:
Սիրիայում հայերը բնակություն են հաստատել դեռեւս մեր թվարկությունից առաջ: Նրանց համայնքը կրել է զրկանքներ, անհավատների արշավանքներ, ցեղասպանություն, որից հետո ծաղկել է: Ո՞վ կմտածեր, որ XXI դարում այն կհայտնվի անհետացման եզրին:
Այս ձեռագիրը Ավետարանի հայերեն հնագույն թարգմանություն է, որը հաջողվել է փրկել: Սակայն Մատենադարանի`մեծաքանակ ձեռագրերի պահոցի աշխատակիցները խոսում են սպասվող մշակութային աղետի մասին: Կարող են կորսվել այն նշխարները, որոնք Սիրիայում են մնում: «Այդ ձեռագրերը պետք է փրկել: Եւ մենք` մատենադարանցիներս, խիստ մտահոգված ենք դրանց վիճակով: Արժեքավոր ձեռագրեր, որոնց շարքում կան այնպիսիները, որոնք անգին են», - պատմում է սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հնագույն ձեռագրերի ինստիտուտի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը:
Լեւոն Սարգսյանը 10 տարի ներկայացրել է Հայաստանի շահերը Սիրիայում` եղել է գլխավոր հյուպատոս, դեսպան: Եւ աժմ նրա աշխատասենյակում Հալեպից վերջերս բերված քաղցրավենիք է: «Ոչ մի թշնամանք չկար: Ընդհակառակը, արաբները միշտ էլ ուրախությամբ են ընդունել հայերին, իրենց հացը կիսել հայերի հետ», - պատմում է Հայաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը:
Հալեպում հայկական 12 դպրոցներից մնացել է երեքը։ Համալսարանը փակ է։ Այնտեղ ապրում են անօթեւան մարդիկ։ «Կարոտում եմ երեխաներիս, աշակերտներիս, որոնք գնացել են։ Չեք հավատա, բայց ես նրանց տեսնում եմ երազում»,- խոստովանում է ուսուցիչ Իզաբել Թորոսյանը։ Երեւի նրանք արդեն սովորում են երեւանյան դպրոցում։ Այն բացել են հատուկ փախստականների համար՝ հնարավորություն տալով երեխաներին կրթվել, իսկ նույնպիսի փախստական ուսուցիչներին՝ աշխատանք ունենալ։ Գրատախտակին արաբական զարդագիր է, եւ սա շատ անսովոր է հայկական դպրոցի համար։ Բայց դասավանդումն այստեղ արաբերեն է, այն ծրագրերով, որոնք գոյություն ունեն Սիրիայում։ Քանի որ երեխաների ծնողներն ու նաեւ հենց իրենք՝ երեխաները, վերադառնալու հույս ունեն։ Նրանք աղոթում եւ խոսում են նախնիների հայերենով՝ արեւմտահայերեն։ Հանրապետությունում խոսակցական արեւելահայերենից այն տարբերվում է ինչպես ռուսերենը՝ ուկրաիներենից։
Այս փախստականները հայտնի են իրենց աշխատասիրությամբ եւ պարկեշտությամբ։ Բայց աշխատաշուկան ծանրաբեռնված է։ Եւ ֆինանսիստը կարող է բարմեն դառնալ, արտադրության սեփականատերը՝ գործակատար։ Իսկ ոմանք առանց աշխատանքի նստած՝ նարգիլե են ծխում ինքնատիպ հայ-սիրիական ակումբներում, որոնք քաղաքում գնալով շատանում են։ Իմանալով, որ սրահում ռուս լրագրող կա, «Դեր Զոր» համայնքի պատվելի նախագահը խոսք խնդրեց։ «Մենք շատ լավ գիտենք Ռուսաստանի մասին, նրա դերի եւ նրա օգնության մասին։ Ես առաջ էլ եմ ասել եւ հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն Պուտինին, շնորհակալություն Ռուսաստանին եւ Չինաստանին։ Միայն նրանք են հասկանում, թե ինչ է կատարվում։ Եվ ավելի մեծ խոսքեր դժվար է գտնել»,- ասել է «Դեր Զոր» համայնքի նախագահ Արթին Վարդանյանը։
Այսօր ակումբում անսովոր ծրագիր է՝ Արմանը ցուցադրում է իր ֆիլմը։ «Արաբական գարնան սիրիական աշունը» հանդիսատեսի մեջ ծանր զգացողություններ է արթնացնում։ Չէ՞ որ «Սրանք» գնացել են, «Նրանք»՝ մնացել։ Կյանքը կրկին նրանց բաժանում է եւ վտարում իրենց տներից։ Մինչ նրանք, ովքեր գնացել են, հարմարվում են նոր կյանքին, մնացողները ամեն գնով պահում են պատմականորեն ձեռք բերված չեզոքությունը։ Եւ նրանք, եւ մյուսները հույս ունեն երբեւէ հարազատ լինել սեփական միջավայրում»։





























