Երեւանում դեկտեմբերի 8-ին, Ժամը 02:00-ի սահմաններում վթարի ենթարկվելու հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում խաղացող դերասաններից 24-ամյա Գուրգեն Մելքումյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
Նա տեղեկացրեց, որ Գուրգեն Մելքումյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունք: Նա ստացել էր կրծքավանդակի բութ տրավմա, մի քանի օր բաժանմունքում մնալուց հետո դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կիեւյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց բախվել է Լենինգրադյան 21 շենքի բնակիչ 54-ամյա Վլադիմիր Հովսեփյանի վարած «Կիա» մակնիշի Լ3841 համարանիշի ավտոմեքենային: Նախնական տեղեկություններով` «Մերսեդեսի» վարորդը դիմել է փախուստի, նրա ինքնությունը դեռ պարզ չէ:
Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը եւ նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վ. Հովսեփյանն ու նրա ուղեւոր 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, 23-ամյա Դավիթ Պողոյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորները ստացել են կոտրվածքներ: «Կիայի» ուղեւորներից մեկն էլ 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է, ով այժմ նկարահանվում է «Շանթի» «Մաեստրո» սերիալում` որպես Նուռի դերակատար: Նա «Բանակում» սերիալի Սեւակի դերակատարն էր: Երիտասարդը ավարտել է Թատերական ինստիտուտը, ամուսնացած չէ:


























