Հունվարի 28-ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն առաջին անգամ ստանձնել էր ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից, պարբերական հավաքը դիվանագետներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ եվ խոսել ընդհանուր խնդիրների, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության մասին:

Հավաքին մասնակցել են վեց տասնյակից ավելի երկրների գլխավոր հյուպատոսներ: Նրանք քննարկել են 2010 թվականի ծրագրերը եւ առաջիկա միասնական անելիքները:

ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է դիվանագետների հավաքի պատվավոր հյուրին՝ Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանին, ով ԱՄՆ խոշորագույն նահանգի առաջին եվ առայժմ միակ՝ ազգությամբ հայ նահանգապետն է եղել: Պարոն Դուքմեջյանը ողջունել է ՀՀ հովանու ներքո կազմակերպված ձեռնարկը, նշել, որ անցած դարասկզբին, ցեղասպանությունից առաջ, Թուրքիայից գաղթած ծնողների զավակ է: Նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ եւ հպարտ է, որ ղեկավարել է Կալիֆորնիայի պես բազմազգ մի նահանգ, որն աշխարհի համար լավ օրինակ է, թե ինչպես կարող են 100-ից ավելի ազգություններ կողք-կողքի ապրել եւ ստեղծել աշխարհի 5-րդ տնտեսությունը: Ջ. Դուքմեջյանը պատասխանել է նաեւ օտարերկրյա դիվանագետների հարցերին:

Դիվանագետների ներկայացուցչական հավաքին ներկա էր նաեւ հայազգի գործող բարձրաստիճան պաշտոնյա՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում ընտրված առաջին հայ գործիչ, Փոլ Կրեկորյանը:

Լոս Անջելեսի հյուպատոսական հավաքի ավարտին հյուրերը ճաշակել են հայկական խոհանոցի ուտեստներ՝ հայկական երաժշտության՝ դուդուկի եվ դաշնա մուրի կատարումների ներքո: