Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս աշխատասենյակում ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրը գրավոր զեկուցագիր է ներկայացրել եւ բացատրություն տվել, որ նախապատրաստվող նյութերով իր տված գրավոր ցուցումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանը մտել է իր աշխատասենյակ, վիճաբանել, գլխով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Գ.Սիմոնյանը բացատրություն է տվել, թե քննիչին տրված ցուցումի հետ կապված պարզաբանումներ անելու հարցով մտել է մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի աշխատասենյակ, որտեղ տեղի է ունեցել քաշքշոց եւ դատախազը, բռնության գործադրմամբ, իրեն դուրս է հանել աշխատասենյակից։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ)՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 12.12.2012թ. հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

«Միաժամանակ պարզաբանում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք եւ ճիշտ չի վերաշարադրել օրաթերթի լրագրողի հարցը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին, ու տրված պատասխանը։ Որպես օրինակ՝ մատնանշենք, որ մամուլի քարտուղարն ուղղակի ճշտել է լրագրողի տեղեկատվությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե մարզի դատախազի տեղակալի, այլ քննչական բաժնի պետի եւ մարզի դատախազության դատախազի միջեւ՝ կապված վերջինիս կողմից տրված գրավոր ցուցումի հետ`  առանց անուն հրապարակելու»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ 

Նշենք, որ  «Ժողովուրդ» գրել էր, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316֊րդ հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Թերթի տեղեկացմամբ` քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է: