Նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չգալու ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ փորձում էին համագործակցել միասնական շտաբի ձեւավորման շուրջ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Որոշ քաղաքական ուժեր հույս էին փափագում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին եւ իրենց զրոյացող քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի եւ վարկանիշի շնորհիվ: Ակնհայտ է, որ այդ պլանները տապալվեցին, հատկապես ՀԱԿ-ի պարագայում»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նրա խոսքով՝ «նորմալ» քաղաքական ուժերում տապալում, ֆիասկո թույլ տված քաղաքական գործիչները պետք է պատասխան տան իրենց գործընկերների առջեւ՝ իրենց սխալ քաղաքական մարտավարությոնը եւ ռազմավարությունը ուրիշներին թելադրելու փորձերի համար:





























