Հունվարի 29-ին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարար Շտյորեն ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, սկանդինավյան երկրների համագործակցության փորձը, նշելով, որ այն կարող է կիրառվել նաեւ այլ տարածաշրջանների համար: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընգծել է, որ ածխաջրածնային պաշարներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող եւ աշխարհի ամենախաղաղ երկիրը համարվող Նորվեգիայի քաղաքականությունը եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործունեությունը կարող են օրինակելի լինել նման պաշարներ ունեցող այլ երկրների համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Շտյորեն ստորագրել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հյուրընկալվել է Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով, որին ներկա էին Օսլոյում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ: Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանել է ներկաների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:

Օսլոյում Է. Նալբանդյանը այցելել է նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի տանը տեղակայված Նանսենի ինստիտուտ,. Որտեղ տեղեկացել է Նանսենի 150-ամյակի միջացառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Նա առաջարկել է ինստիտուտին Նանսենի հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում: Նախարարը ծաղկեպսակ է դրել Նանսենի շիրմաքարին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: