Հայ ազգային կոնգրեսի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանը նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին է մեղադրում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին գաղտնի ձայնագրելու եւ տարածելու մեջ:
«Նախ, «դարի» գաղտնալսման մասին:
Անիմաստ ջանքեր պետք չէ թափել հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ՝
1. գաղտնալսման կատարողը ենթադրելի է՝ փորձառու Վ. Օսկանյանը, որը համակարգող ՀԱԿ-ական «ճնճղուկին» միայն «բացահայտող» հարցեր է ուղղել եւ բացի այդ հարցերից իր որեւէ կարծիք չի ձայնագրվել: Ավելին, Օսկանյանի փոխարեն միայն ԲՀԿ ամենահաս «գլխավոր քարտուղարը» հանդես եկավ, այն էլ՝ միայն գաղտնալսման հրապարակման դատապարտմամբ: Եվ, վերջապես, «ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն» ներկայացումն էլ ավարտվել է՝ Օսկանյանն այլեւս «թշնամի» չէ»,- գրել է Ռուբեն Թորոսյանը:
«2. տվյալ դեպքում կարեւորը՝ գաղտնալսումը չէ (ինչեր ենք տեսել), ավելին, եթե սահմանադրության խախտում է առկա, ապա ավազակաիշխանությունն ավելի լուրջ խախտումներ է իրականացրել եւ իրականացնում,
3. ի դեպ, վատ բան տեղի չի էլ ունեցել՝ շատ էլ ժողովրդավար է, քանի որ պաշտոնյաների զրույց է, այլ ոչ՝ անձնական:
Հիմա, ըստ էության՝
1. ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանությունը դա իրականացրել է Նիկոլ Փաշինյանին «ջարդելու» համար՝ պարզամիտ քայլ, որը չի հաջողվել եւ չի էլ հաջողվի:
2. սակայն արդյունքում, վերջնականապես «ջարդ ու փշուր է» արվել «բարեգործված» ՀԱԿ ղեկավարը: Իսկ «ճնճղուկի» կերպարը հենց դրանով է հետաքրքիր, որ ներկայացնում է Առաջին նախագահին, եւ որպես հետեւանք, բացահայտում է վերջինիս կողմից հասարակության հանդեպ իրականացված խաբեությունը: Պատահական չէ, որ Առաջին նախագահի շրջապատը շտապել է խեղճ «ճնճղուկին» զատել Առաջին նախագահից:
3. հավանաբար փորձել են նաեւ, այդ քայլով հասարակության ուշադրությունը շեղել
- ԲՀԿ ղեկավարի խայտառակ ինքնաոչնչացման, այն է՝ նսեմացման թեմայից,
- ՀՀԿ ղեկավարի համագումարյան ճառի ստերի եւ կեղծիքների քննարկումներից,
- սպասվող ընտրական ապօրինություններից:
Ինչպես պետք է ընդունել այս «մարտահրավերը»՝
1. ՀՀ նախագահի թեկնածու համար Նիկոլ Փաշինյանի առաջադրումը պետք է լայն աջակցության արժանանա,
2. քաղաքացիական հասարակությունը Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին պետք է հայտարարի «անցանկալի անձ», հասարակության մասնատման եւ այլ «խաղերի» համար,
3. հասարակությունը, եւ առաջին հերթին, «մարտի մեկի» զոհերի իրավահաջորդները պետք է պետք է պատասխան պահանջեն Առաջին նախագահից:
Ի դեպ, վերջինս ճիշտ կանի, փորձի փոխանակման շրջանակներում, հանդիպի չկայացած իր նախորդ համագործակցության գործընկերոջ, մի այլ գաղտնալսման զոհ՝ ԱԽՔ-ի հետ, չէ՞ որ նա էլ էր դավաճանել հասարակությանը եւ երկրին, բայց տեսե՛ք՝ ինչ պաշտոն ստացավ:
Գուցե մի այդպիսի պաշտոն էլ իրեն տան...»,- ամփոփել է Ռուբեն Թորոսյանը:




























