Դեկտեմբերի 17-ին, տեղի է  ունեցել Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, օրակարգի առաջին հարցը Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքային միավորները, թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը եւ աշխատավարձերը  հաստատելու մասին էր, որը ավագանին ընդունեց միաձայն: Այսպիսով, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատավարձը կազմում է 301 հազար դրամ, տեղակալներինը՝ 238 հազար, խորհրդականի աշխատավարձը՝ 200 հազար, օգնականինը՝ 133 հազար, իսկ մամուլի քարտուղարի աշխատավարձը՝ 109 հազար դրամ:

Պակաս բարձր չէ նաեւ  քաղաքապետարանի բաժինների պետերի աշխատավարձերը՝ 175 հազար դրամ, պետի տեղակալ՝ 133 հազար, գլխավոր մասնագետ՝ 109 հազար, առաջատար մասնագետ՝ 97 հազար դրամ: Պետք է նշել, որ օրինակ կոմունալ տնտեսություն եւ բարեկարգում բաժինն ունի մեկ բաժնի պետ, երկու գլխավոր մասնագետ, երեք առաջատար եւ մեկ երկրորդական մասնագետ: Բաժնի աշխատակիցներին տրվող ամսեկան աշխատավարձի ընդհանուր չափը կազմում է 758 հազար դրամ:

Այս ամենի հետ մեկտեղ քաղաքապետարանում կան նաեւ ցածր աշխատավարձ ստացողներ. Նրանք հիմնականում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներն են՝ էլեկտրիկի, հավաքարարի, փականագործի եւ պահակի աշխատավարձը կազմում է 47 հազար, իսկ վարորդներինը՝ 51 հազարական դրամ:

Ըստ Վանաձորի ավագանու անդամների հաստատած  քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքային միավորների, թվաքանակի, պաշտոնային դրույքաչափերի եւ աշխատավարձերի որոշման, Վանաձորի քաղաքապետարանն ունի 159 աշխատակից, 16 մլն 426 հազար 400 դրամ ընդհանուր աշխատավարձի չափով:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատավարձից քիչ է ստանում ՀՀ երկրորդ քաղաքի՝  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում  Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն ասաց, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձը կազմում է 270 հազար դրամ (առանց հարկերի պահման, պահումներով՝ մոտ 220 հազար): Փաստորեն ստացվում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետի աշխատավարձն ավելի ցածր է, քան Վանաձորի քաղաքապետինը: Թեմայի հետ կապված նոր մանրամասներն առաջիկայում: