Որոշ մասնավոր հեռուստաընկերություններ Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի սակագինը, որը ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հրապարակել ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Aravot.am-ը նախագահի թեկնածու Արման Մելիքյանից հետաքրքրվեց՝  արդեն ֆիքսված սակագները խելամիտ եւ հասանելի՞ են, եւ արդյոք նա օգտվելո՞ւ է վճարովի քաղաքական գովազդի ծառայություններից։  Արման Մելիքյանը նկատեց.  «Հատկապես Հանրային հեռուստատեսության պարագայում քաղաքական գովազդ ասվածն անընդունելի է: Հանրային հեռուստատեսությունը կոչված է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները եւ պարտավոր է ոչ միայն ապահովել մեր իրազեկվածությունը, այլեւ հավասար հնարավորություններ ապահովել բոլոր թեկնածուների համար: Վճարովի գովազդի առկայությունը Հանրայինի եթերում խախտում է այս սկզբունքը, քանի որ առավելություն են ստանում ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող թեկնածուները եւ քաղաքական ուժերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, որպես կանոն, ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների տեր են կոռուպցիոն գործընթացների մասնակիցները, ապա Հանրայինի նման մոտեցումը նաեւ խրախուսելի է դարձնում հենց հակահասարակական պահվածք որդեգրածների վարքագիծը, ինչը արմատապես հակասում է Հանրայինի համար հռչակված սկզբունքներին: Ես ինքս բացասաբար եմ վերաբերվում վճարովի քաղաքական գովազդին, դրանից չեմ օգտվել նախկինում ու եթե որոշում կայացնեմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կրկին նման հեռուստածառայություից չեմ օգտվելու»»,- մեջբերում է «Առավոտը»։