Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը բացառել է գունավոր հեղափոխությունները Ռուսաստանում։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանում հնարավոր «գունավոր հեղափոխությունների» նախադրյալներ չկան։ «Կա միայն համոզմունք, որ մենք թույլ չենք տա նման իրադարձությունների իրացումը մեր երկրում»,- հայտարարել է նա։

Անվտանգության պաշտոնյան նշել է այն քայլերը, որ արվում են հավասարակշռությունը պահպանելու համար. «Օրենսդրության մեջ մտցվել են անհրաժեշտ ուղղումներ, դադարեցվել է մի շարք ոչ կառավարական օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը, որոնցից մի քանիսը ֆինանսավորվում էին, մասնավորապես ,ԱՄն պետդեպարտամենտի կողմից»։

«Լենտա.ռու»-ն հիշեցնում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, Վլադիմիր Պուտինի վստահված անձանց մոտ ելույթի մեջ Նիկոլայ Պատրուշեւը հատարարել է, որ «նարնջագույն» հեղափոխության վտանգը Ռուսաստանում դեռ պահպանվում է։ «Նարնջագույն հեղափոխության վտանգը հրատապ էր անցյալում, հրատապ է մնում ներկայումս եւ հրատապ կլինի ապագայի համար»,- հայտարարել է նա։

2012 թվականի հունվարին Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել էր, որ ռուս հասարակությունը  ամեն դեպքում « թույլ չի տա կողմնակի միջամտություն ցանկացած կարգախոսով՝ լինի դա ժողովրդավարություն կամ մարդու իրավունքների պաշտպանություն»։