Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ընկերության հասցեին մշտապես քննադատություն է հնչում: Գազային մենաշնորհատիրոջ հասցեին մեղադրանքները հիմնականում անփոփոխ են. Հայաստանում գազը թանկ է, իսկ գազի կալորիականությունը՝ ցածր: Ընդ որում, մեղադրանքները տնտեսական տեսակետից բավական ինքնատիպ են. դրանք իրական տվյալներով ամրագրված չեն եւ հիմնվում են այլ՝քաղաքական հաշվարկների վրա, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:
«Գազային ընկերության հասցեին քննադատության ամենախոցելի կողմը մեղադրանքները գոնե մասամբ հաստատող փաստերով չհիմնավորված լինելն է: Մեղադրանքներ ներկայացնելուն նախորդող գործողությունների հաջորդականությունը ցանկացած տնտեսագետի եւ ինժեների համար ակնհայտ է:
Գազի գնի վերաբերյալ կարելի է տարածաշրջանում գոյություն ունեցող գների համեմատական քննություն անցկացնել, հետո միայն եզրակացության հանգել: Սակայն դա քննադատների օգտին չի լինի, քանի որ ջրի երես կհանի իրավիճակի հստակ պատկերը. Հայաստանի գազի սակագները սուբսիդավորվում են Ռուսաստանի կողմից, որն այն վաճառում է ոչ շուկայական արժեքով, եւ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից, որը եկամտի ցածր սահման է հաստատել արդեն երկրի ներսում գազը վաճառելիս. հենց այդ պատճառով էլ Հայաստանի ամենախոշոր հարկատուն ցածրեկամտային ընկերություն է:
Ինչ վերաբերում է կալորիականությանը, մեղադրանքների վերլուծությունն այստեղ բարդ չէ: Եթե որեւէ մեկը կասկածում է կալորիականության մասին «ՀայՌուսգազարդ»-ի հայտնած տվյալներին, հիշեցնում ենք, որ Հայաստանում շատ մասնագետներ եւ լաբորատորիաներ կան, որոնք պատվերի դեպքում ցածր ֆինանսական աջակցության դիմաց պատրաստ են հաշված ժամերի ընթացքում անկախ եզրակացություն տալ Հայաստան մատակարարվող բնական գազի կալորիականության մասին:
Կարելի է նաեւ տեղեկանքի համար դիմել խոշոր գազասպառողներին, որոնք կալորիականության չափման հատուկ տեխնոլոգիաներ ունեն:
Օրինակ՝ Հրազդանի ՀԷԿ-ը: Սակայն այստեղ կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀԷԿ-ը անկողմնակալ չէ, քանի որ կապ ունի «ՀայՌուսգազարդ»-ի հետ:
Այդ դեպքում «Արարատցեմենտ» գործարանը, որի հետ «ՀայՌուսգազարդ»-ը ոչ մի կապ չունի: Այն, որ այդ ամենը չի արվում, ակնհայտորեն վկայում է, որ նման ուսումնասիրության արդյունքը քննադատներին նախապես հայտնի է եւ նրանց ոչինչ չի տա:
Եւս մեկ, թերեւս ամենաինքնատիպ մեղադրանքը երկրի գրեթե 100 տոկոսանոց գազիֆիկացումն է: Ասվում է, որ հայկական գյուղերին գազ հարկավոր չէ, եւ տարածաշրջանային գազատարի ցանցը ընդլայնելու հարկ չկար: Իսկ ինչո՞ւ հարկավոր չէ: Իսկ ի՞նչ կլինի 10 կամ 20 տարի անց: Թե՞ Հայաստանի մարզերը պետք է չզարգանան եւ դատապարտված են ընդմիշտ տառապել գնելու կարողության բացակայությունից: Միգուցե, ինչ-ոչ մեկը հենց այդպես էլ կարծում է, բայց, փառք Աստծո, գազային ընկերությունը եւ երկրի ծավալուն գազիֆիկացումը նախաձեռնած «ՀայՌուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը այլ կերպ են մտածել ու մտածում՝շատ ավելի լավատեսորեն եւ հայրենասիրաբար:
Ընդ որում, քննադատներին գազը, կալորիականությունը եւ մարզերը հետաքրքիր չեն: Գազը բոլորովին էլ կապ չունի:
Հայաստանի գազային ընկերությունը երկրի խոշորագույն ներդրողն ու հարկատուն է. Միայն 2012թ. առաջին ինն ամիսներին «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի պետբյուջե ավելի քան 22 մլրդ դրամ է վճարել: Ինչ վերաբերում է էներգետիկական բնագավառում ընկերության ներդրումներին, ապա դրանք կարելի է հսկայական անվանել. մոտ 400 մլն դոլար հատկացվել է Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար, որը երկրի խոշորագույն ջերմաէներգետիկական հանգույցն է: Աբովյանի գազամբարի հնարավորություններն ընդլայնվել են՝ հասնելով մակարդակի, որը Հայաստանի տնտեսությանն ու հանրությանը թույլ կտա գոյատեւել գազամատակարարման խափանման դեպքում, որը եւ տեղի է ունենում Վրաստանի տարածքում գազատարի աշխատանքի դադարեցման դեպքում: Գազիֆիկացվել է գրեթե ողջ երկիրը: Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածն է կառուցվել (Ռուսական գազին այլընտրանք հանդիսացող գազատարը կառուցել է «Գազպրոմ»-ի հայ «դուստրը»):
Ձեռքբերումներն, ինչպես տեսնում եք, հսկայական են: Տարօրինակ կլիներ ասել, որ «ՀայՌուսգազարդ»-ին քննադատում են հենց այս ձեռքբերումների համար: Սակայն, որքան էլ տարօրինակ է, հենց դրանց համար էլ քննադատում են»,- գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:




























