«Ժառանգություն» կուսակցությունն իր գործունեությունը կապում է հասարակության տրամադրության, պահանջների եւ ծրագրային դրույթների հետ: Հետեւաբար ԲՀԿ-ի հայտարարությունն ազդեցություն չէր կարող թողնել «Ժառանգության» վրա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, իրենք հիմնականում կենտրոնացված են այն աշխատանքերի վրա, որ պատշաճ կերպով մասնակցեն նախագահական ընտրություններին: Մարտիրոսյանի համար անհասկանալի է, որ ԲՀԿ-ն թեւաթափ կարգավիճակով է մասնակցում ընտրություններին եւ որեւէ մեկին չի սատարում:«Այս բոյկոտող իրավիճակը ինձ համար անհասկանալի է` հաշվի առնելով նրանց ընտրազանգվածը»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին` նա ասաց, որ իր մոտ հակասական տպավորություն է թողել այն հատվածը, որ վերաբերում է անվտանգության, մարտունակության, նոր սպառազինություններ ձեռք բերելուն: Իսկ այն գնահատականները, որ տրվել են ստեղծված իրավիճակի հետ կապված իր համար անընդունելի են: Մարտիրոսյանը բերեց փոքր ու միջին բիզնեսի օրինակը. «Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ այդ ոլորտը բարելավվել է, բայց իրականությունն այդպես չէ: Իմ շրջապատում ես տեսել եմ, որ փոքր ու միջին բիզնեսը չի բարելավվել եւ մարդիկ սնանկացել են»:
Ըստ Մարտիրոսյանի, կոռուպցիան եւս կենտրոնացած է իշխանության մեջ, իսկ եթե մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվում են, ըստ նրա, դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարը հաղթահարվել է: Արմեն Մարտիրոսյանը առանձնացրեց քաղաքական կամքը եւ ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հաղթահարման մասին վաղ է խոսել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























