Արարատում 50-ամյա Ռ.Բ.-ն իր տունը պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է Է.Գ.-ին, իսկ հաճախորդներից ստացված գումարը բաժանել են երկու հավասար մասերի: Արարատի եւ Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 50-ամյա Ռ.Բ.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով, նպաստելով Արարատի մարզի Այգավան գյուղի բնակչուհի Է. Գ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն, թույլատրել է նրան իր տանը համապատասխան վճարով սեռական հարաբերություն ունենալ տարբեր տղամարդկանց հետ, իսկ ստացված գումարը բաժանել երկու հավասար մասերի:

Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 1-ին մասով` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը:

Եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնել:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: