Դատարանը դեկտեմբերի 20-ին կքննի Մոսկվայում հայ աշակերտ Էդուարդ Մարկարյանի սպանության գործով քննիչի գործողությունների իրավաչափությունը: Խոսքը քննիչի կողմից գործը փակելու հերթական որոշման մասին է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Սպանված տղայի մայրը՝ Ալլա Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է հանցագործության փաստի ամբողջական հերքումը: «Ենթադրենք հասկանալի է, որ հերքվում է դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ սպանության փաստը, բայց խուլիգանությո՞ւն էլ չի եղել»,-ասաց նա ու հավելեց. «Ես կտրականապես համաձայն չեմ, որ որդիս մահացել է հիվանդության պատճառով: Ստացվում է, որ զինկոմիսարիատը նրան հրթիռային զորքերում ծառայության համար պիտանի է համարում, իսկ մի քանի ամիս անց նա մահանում է հիվանդությունից: Ստացվում է, որ հրթիռային զորքեր են ընդունում երիտասարդների, որոնք կարող են ցանկացած պահի մահանա՞լ»:
Ալլա Մարկարյանն ընդգծեց, որ Էդիկը մահացել է ոչ թե հիվանդությունից, այլ՝ հարվածից:
Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը:




























