Գաղտնալսումը լավ բան չի, դա ուղղակի խայտառակություն է, եւ շատ վատ է, որ դա դրսեւորվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի սրճարանում «գաղտնի զրույցի» ձայնագրությանն ու հրապարակմանը:

«Հիմա կարծում եմ՝ բոլորը կռահում են, որ գաղտնալսումներ կատարվում են եւ ոչ միայն այդ քաղաքական ուժերի նկատմամբ: Գաղտնալսումը, որը  կատարվել է առանց դատարանի որոշմամբ, հանցանք է: Այսօր այնքան էժան եւ մատչելի են լսլեու սարքերը, դրա համար վերջին գաղտնալսման վերաբերյալ պետք է քննություն անցկացվի, այսինքն՝ պետք է պարզվի՝ արել են դա պետական մարմիննե՞ր, թե՞ մասնավոր անձինք, սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ հանձնարարությամբ»,- ասաց նա՝ շեշտելով, որ  վերջիվերջո պետք է իմանանք՝ «մենք Հյուսիսային Կորեա ենք, թե դեմոկրտարիայի ձգտող Հայաստան»:

Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:

Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը:  Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի  հստակ`  կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում  ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը: Ի դեպ, երեկ այդ ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am