Մտքի կուսությունը չի կարելի սպառել: Այս խոսքերն այսօր՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում հնչեցրեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը; Այսօր՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում են էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցի քննարկումները:

Գ. Սահակյանը նշեց, որ արտահայտության հեղինակը Հրանտ Մաթեւոսյանն է (թեեւ սխալմամբ արտաբերեց Հրանտ Բագրատյանի անունը): Գ. Սահակայնը նկատի ունեցավ, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ  անընդհատ նույն բանի մասին են խոսում: «Արջը միշտ մեղրի մասին է խոսում: Ոմանք անընդհատ նույն տերմինալոգիայով ոչ թե մեղրի մասին են երազում, այլ թույն են արտադրում»,- ասաց Գ. Սահակյանը:

Հանրապետական պատգամավորը սրանով չբավարարվեց ընդդիմադիր քաղաքական ուժերին քարկոծելու համար:

«Պրոբլեմներ են ստեղծում, հետո չեն կարողանում լուծել, բայց մեղավորը մենք ենք լինում ու էթիկայի կանոններ ենք խախտում: Խմբակցության նիստով որոշել ենք չմասնակցել նիստին, սա բոյկոտ է, որեւէ հանձնաժողով չի կարող իր վարույթում վերցնել այդ հարցը».-ասաց Գ. Սահակյանը:

Այնուհետ շարունակեց. «Փոխանակ խոսեն ժողովրդի հետ, որ իրենք լավն են, չեն կարողանում, որովհետեւ լավը չեն: Փոխարենը միայն խոսում են, թե հանրապետականը շատ վատն է: Չենք ասում, թե շատ լավն ենք, որովհետեւ շատ լավը հարաբերական է, բայց մեզանից լավը չկա»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am