«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հերքում է ԳՍՍ ընկերության («Гражданские самолеты Сухого») առջեւ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի դիմաց  որեւէ պարտավորություն ունենալը:

 «Ինքնաթիռն արժեր 20 մլն դոլար, մենք 16 միլիոնը միանգամից ենք վճարել, մնացել էր 4 միլիոն, բայց մենք ինքնաթիռը հետո վերադարձրինք: Այսպիսով, մենք տեխսպասարկման համար ոչինչ պարտք չենք: Նրանք կարծում են, մենք եւս 1 մլն դոլար պարտք ենք ինքնաթիռն արգելանքից հանելու համար», - ասել է նա լրագրողներին՝ նշելով, որ ինքնաթիռն արգելանքից պետք է հանի ԳՍՍ-ն, հայտնում է «ՊՐԱՅՄ»-ը:

Օգոստոսին ԳՍՍ-ն հայտնել էր, որ «Արմավիան» առաջին շահագործված օդանավի համար չորս միլիոն դոլար չի վճարել: Ռուսական ընկերությունում նշել էին, որ  «Արմավիան» չի կարող վերադարձնել օդանավը, քանի որ այն գտնվում է հայկական բանկերից մեկի արգելանքի տակ, եւ եթե նրանք հրաժարվում են օդանավից, ապա պետք է հանեն արգելանքից:

Բաղդասարովը նշել է, որ եթե արտադրողը գնորդ ունենար օդանավի համար, ապա ԳՍՍ-ն վաղուց արդեն այն հանած կլիներ արգելանքից: Ըստ նրա՝ ընկերությունը կորուստներ է կրել տեխնիկական պատճառներով օդանավի հաճախ կանգնած մնալուց, եւ դա էր  պատճառ դարձել, որ «Արմավիան» հրաժարվել էր պատվիրված երկու օդանավերից:

«Օրինակ, եթե ինչ-որ բան անսարք է, մենք չենք թռչում, օդանավը նոր է, պետք է չէ որեւէ բանով փոխհատուցել, մենք մեղավոր չենք, որ այն փչանում է: Օդանավը լավն է, սակայն նրան ժամանակ է անհրաժեշտ», - մեկնաբանել է Բաղդասարովը:

Նա հիշեցրել է, որ ընկերությունը SSJ-100-ը վաղուց արդեն չի շահագործում, իսկ օդանավն էլ գտնվում է ԳՍՍ-ում: Բաղդասարովը նաեւ հավելել է, որ օդանավերը հետ չի վերցնի: «Արմավիան» պատվիրել էր երկու  SSJ-100 ինքնաթիռ, սակայն երկրորդ ինքնաթիռն այդպես էլ չէր առաքվել ավիաընկերություն: