Ընդդիմությունն այսօր կանգնած է երկընտրանքի առջեւ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` եթե առաջադրվեն, կստանան ձայների 7-10 տոկոսը, իսկ եթե չառաջադրվեն, ապա սա կնշանակի իրենց քաղաքական կարիերայի ավարտը: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն թույլ չեն տա, որպեսզի նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» տիրանա ընդդիմադիր ընտրազանգվածին:

Պատասխանելով գալիք ընտրություններում ուժեղ թեկնածուներ չլինելու մասին հարցին` նա հորդորեց մութ սենյակում սեւ կատու չփնտրել: «Որեւէ մեկի առաջադրումը չի սահմանափակվել նախագահական ընտրություններին: Մեզ մոտ շատ վատ քաղաքական ավանդույթ կա. երբ ինչ-որ բան չի ստացվում, փորձում ենք մեղավոր ճանաչել ուրիշներին»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է անհայտ թեկնածուների առաջադրմանը, ապա ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ  ՀՀԿ-ի եւ նախագահ Սերժ Սարգսյանի գործելաոճում երբեւէ արհեստական տարրեր չեն եղել: «Մենք երբեք երկրի ապագայի հարցերում մանիպուլյացիաներով չենք զբաղվել` չի կարելի քաղաքականությունը կատակերգության վերածել»,- հավելեց նա: