Լոռիի մարզում վերջին երկու տարում հոգեկան խանգարում ունեցող հիվանդների կողմից հարազատների սպանության մի շարք դեպքեր են գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հանցագործություն կատարած անձիք կամ ժամանակին բուժվել են հոգենյարդաբանական դիսպանսերներում, կամ էլ ունեցել են խանգարումներ, սակայն երբեւէ չեն դիմել բժշկի:
Դեպք 1. 21-ամյա որդին կացնահարելով սպանել էր հարազատ հորը
2011թ-ի փետրվարի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի 1Ա հասցեի բնակարանում որդին՝ 21-ամյա Տիգրան Գյուլբենկյանն, իրենց տան մեջ կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր՝ 50-ամյա Սերյոժա Գյուլբենկյանի գլխին ու սպանել նրան:
Դեռ այն ժամանակ դեպքի վայրում պատմել էին, որ 21-ամյա երիտասարդը հոգեկան խնդիրներ ուներ, հետո հաստատվել էր նաեւ, որ 2006թ-ից Տիգրան Գլուբանկյանը հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում:
Դատարանի վճռով 21-ամյա երիտասարդը ճանաչվել է անմեղսունակ:
Դեպք 2. Որդին դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է հորն ու կնոջը
Լոռիի մարզի Դարպաս գյուղում նոյեմբերի 2-ի առավոտյան, ժամը 7-ի սահմաններում դաժան սպանություն էր տեղի ունեցել. որդին՝ 34-ամյա Մարտուն Աբրահամյանը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր հորը՝ 60-ամյա Վահան Աբրահամյանին, եւ կնոջը` 29-ամյա Արմենուհի Շիրինյանին:
Դատարանը Մարտուն Աբրահամյանին ազատել է քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` տեղավորելով հոգեբուժական հիվանդանոցի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Դեպք 3. 20-ամյա տղան ծեծելով սպանել է հարազատ մորը
Եվ ահա վերջին, նմանատիպ սահմռկեցուցիչ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 18-ին, Տաշիրի տարածաշրջանի Պետրովկա գյուղում: Ժամը 10:00-ի սահմաններում, 20-ամյա Յուրիկ Ավագիմովն իրենց տնամերձ հողամասում՝ ծառի տակ, ծեծելով ու տանջամահ անելով սպանել է հարազատ մորը՝ 43-ամյա Սուսաննա Դավոյանին: Այս դեպքում եւս թե համագյուղացիները եւ թե գյուղապետը պնդում էին, որ մայրասպան տղան տառապում է հոգեկան հիվանդությամբ, եւ եթե լիներ պատկան մարմինների հսկողության տակ, միգուցե նման դեպք տեղի չունենար:
Լոռիի մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Յուրի Ավագիմովի՝ հոգեկան խնդիրներ ունենալու փաստը, նշելով, որ շուրջ 25 օր իրենց մոտ բուժվել է, հետո բավարար վիճակով դուրս է գրվել:
Նշված բոլոր դեպքերում մի բան սակայն հստակ է, տեղի է ունեցել հանցագործություն, դաժան ու ահասարսուռ, որը հնարավոր էր կանխել, սակայն չի արվել, իսկ սպանվածների դերում կարող էր լինել յուրաքանչյուրը: Այսօր էլ, Լոռիի մարզում շրջում են հոգեկան անհավասարկշիռ վիճակում գտնվող մարդիկ, որոնք շատ հաճախ քաղաքացիների նկատմամբ դրսեւորում են ագրեսիվ ու կյանքի համար վտանգավոր վարքագիծ:
Պատրաստեց՝ Էդվարդ Արզումանյանը
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ հեղինակի





























